Ամբարձիչները
Դեղին դպրոցական հանրակառքը կանգնեց կանգառում ու աղմուկ բարձրացաւ: Երեխանները, որ ձմեռային զգեստներով աւելի մեծ էին թւում քան ամռանը դուրս վազեցին՝ իրար անցում ու խառնաշփոթ : Ուսապարկները վեր ու վար էին թռչում երեխանների շալակում ու նրանք էլ համաչափ ուսապարկների շարժմանը՝ բղաւում էին անհոգ ծիծաղում, մէկը միւսին քաշ քշելով, անգամ ծեծկրտելով : Գագիկը մի փողոց տարածութեամբ, ինչպէս միշտ կանգնած՝ նայում էր դպրոցականների անկաշկանդ արշաւանքին:
Մօտենում եմ Գագիկին ու ձեռքս նրա թիկունքին դնելով իմաց եմ տալիս՝ որ արդէն պիտի գնանք՝ ժամանակին աշխատավայրում լինելու համար: Առանց մի բառ փոխանակելու ճանապարհւում ենք:
Այստեղ, ձմեռը բաւականին խիստ է ու տխուր: Իհարկէ տխուր է նրանց համար որ ուրախանալու պատրւակ չունեն, կամ էլ չեն գտնել նախորրդ եղանակներում: Իդէպս խօստովանեմ , որ յաճախ ես հանդիպում մարդկանց որ բուրդէ գլխարկները իրենց գլխին քաշած ու գոլոշին քթներից ու բերաններից դուրս փչելով, սրտի տակից ծիծաղում են, անցնում են կողքիցդ ու չեն էլ պատկերացնում թէ դու ի՞նչ ես զգում: Մայթերում, ինչքան մարդիկ իրարից մօտիկ են անցնում այնքան հեռու են միմեանց հասկանալուց... Այո', տխուր է ձմեռը, նամանաւամնդ այն ժամանակահատւածում, որ բնութիւնը աշնան դեղինը, նարնջագոյնն ու կարմիրը հաւաքել տարել է իր հետ ու տակաւին ձիւնից էլ լուր չկայ: Մի խօսքով խիստ մոխրագոյն է այս օրերը: Առաջին ձեան հետ, մի քիչ թեթևանում ես, մտածում ես ՝ «չէ՜ , օրերը կանգ չեն առնելու, նորից լաւ գոյնները կըգան»: Այսպիսի օրերից մէկում էր որ Գագիկն ու ես քայլում էինք դէպի աշխատավայր:
Իւրաքանչիւր առաւօտ , ժամադրւում էինք քաղաքի տարրական դպրոցի առջև, յետոյ գնում էինք մօտակայ սրաճարանը, ոտքի վրայ սրճում ու աշխատանքի էինք գնում: Գագիկը միշտ այնտեղ էր ինձանից աւելի շուտ, այնքան որ տեսներ թէ ինչպէ՞ս են ուրախանում երեխանները: Մի տեսակ իրեն տանջում էր, ինքն իրեն յիշեցնելով որ՝ « Հէյ տեսնում ես, ամէն ինչ այլ կերպ էր կարող լինէր: Կարող էիր դու էլ գայիր ու կանգնէիր այստեղ մի այլ կարգավիճակում: Չէ աւելին դու էլ կարող էիր շատերի նման ուշանայիր երեխային դպրոցից վերցնելուց: Ու տղադ նստած դպրոցի պատի տակ շոկոլադէ պաղպաղակ լզեր ու քեզ յուշէր ՝ « Տես, երբ ուշանում ես, ես էլ պաղապակ եմ առնում, ինչ թոյլատւութեան մասին է խօսքը, եթէ դու անպարտաճանաչ ես...»:
Այո, սա Գագիկի գողգոթան էր ու իմ նորօրեայ պարտականութիւնը ՝ պարտաճանաչ Գագիկին յիշեցնելու, որ նա դեռ պիտի ապրի: Անգամներ տարբեր ձևերով ջանացել էինք նրա կեանքը փոխել: Անուշը մի առ ժամանակ մտածել էր, Գագիկին ծանօթացներ իր շրջանի ընկերուհիններից մէկի հետ, ու անգամներ մեր տանը կազմակերպել էր հիւրասիրութիւններ, Գագիկին ծանօթացնելու՝ Արաքսի, Անահիտի, Ռոզմառի, Յասմիկի և ... հետ ու այսպէս երկար բարակ անունների ցանկ ու հիւրասիրութիւնների շարան: Սակայն Գագիկի մօտ այլևս ոչ մի քիմիայ չէր աշխատում: Մի անգամ առաջարկեցինք տեղափոխւեր, գնար մերձակայ քաղաքը, մի ընթացք եղբօր հետ ապրելու համար: Չը համոզւեց: Ախր, մտածում էինք որ այս փոքրիկ քաղաքի ամէն ինչը նրան իր անցած տագնապալի օրերն է յիշեցնում: Չստացւեց: Անագամ առաջարկեցինք նրան որ գնա ու երեխայ որդեգրի՝ ասանք կը մեծացնես, դպրոց կըտանես: Ոչ մի պատասխան: Հէնց այնպէս նայեց ինձ ու Անուշին ...
Քայլում ենք կողք-կողքի, լուռ: Ներս ենք մտնում մեր մշտական սրճարանը՝ երկու գաւաթ սուրճ ու երկու Croissant ենք պատւիրում: Գագիկը մօտենում է սնդուկին վճարելու համար, ես էլ սրճարանի մի անկիւնը նստելով խոժոռած աչքերով լուսամուտից դուրս եմ նայում: Սրճարանի միւս մայթում, հսկայ հիւրանոց են շինում ու երկու հսկայ ամբարձիչ, բերել են հողատարածի ճիշտ կենտրոնում կանգնացրել: Այս երկու ամբարձիչները ինձ աւելի են տխրեցնում : Հսկայ ամբարձիչների ու մոխրագոյն քաղաքի պատճառով սկսում եմ մտածել մարդկային ցաւի մասին: Երևի ցաւը հոգու խորքից դուրս քաշելու համար այսպիսի ամբարձիչներ են պէտք, հսկայ վիթխարի, երկաթէ մոխրագոյն... Իսկ Գագիկի ցաւն ի՞նչ, ինչքա՞ն մեծ է նրա ցաւը...
Միանգամայն մտքերս մի այլ թռիչք են կատարում, հիմա նրանք անցած տարւայ աշնանային երեկոյներից մէկում են, քաղաքի զբօսայգում: Այն օրը, որ ժամադրւել էի Գագիկի հետ՝ զանգել ու ասել էր ՝ «Պիտի քեզ հանդիպեմ, հէ'նց հիմա..., կարևոր ու լա՜ւ լուր եմ ասելու »: Ես էլ մի կէս ժամից զբօսայգում կանգնած էի: Պարզ յիշում եմ, կարծես երէկ լինէր՝ տեսայ նրան որ հեռւից գալիս էր, աւելի շուտ վազում էր: Տաս քայլից նկատեցի նրա ժպիտը՝ դէմքը փայլում էր՝ հասաւ ինձ ու պինդ գրկեց, սեղմ: Այդ դէպքը առաջի ու վերջի անգամն էր որ տեսայ Գագիկի գրկում է: Վարկեաններ այդպէս մնացինք յետոյ ինձ թափ տալով ասաց՝ «Արա՜մ, ամուսնա՜նում եմ: Արփիկին առաջարկեցի, չմերժեց: Անգամ համբուրւեցին՝ շուրթերը համով էին, նոյն համը որ այս ամբողջ տարիներում ենթադրել էի իմ թաքուն երազներում, ... Արամ, ես ամենաերջանի՞կն եմ, չէ՞...»
Գագիգը գալիս է նստում է դիմացս ՝ սուրճի գաւաթներն ու Croissant-ները սեղանին դնում: Երջանկութիւնը ինչքան սպառւող է, խիստ ժամանակավրէպ՝ անցողիկ, շուտ վերջացող ինչպէս շոկոլադէ պաղպաղակը: Այն պաղպաղակը, որ չծնւած երեխան կառնի ու հենւած դպրոցի պատին կը ուտի, երբ դու ուշանաս...
Նայում եմ Գագիկին՝ նրա աչքերում երկու ամբարձիչներ են տեղաւորւել՝ հայացքը սառել է դիմացի չսարքած հիւրանոցի վրայ:
Լաւ յիշում եմ այդ հիանալի երեկոն, յիշում եմ նրա իւրաքանչիւր բառը, որ ինչպէս էր նկարագրում Արփիկին՝ «Քայլող հրեշտակ է Արամ, թափանցիկ, բարութիւնից անգամ աներևոյթ է դառնում, արի', արի' տանեմ քեզ գինի հիւրասիրեմ» ու այդ գիշեր ես մենակ Արփիկի մասին լսեցի»:
Չգիտեմ, ինչու՞ միանգամից կարօտում եմ Անուշին՝ կէս ժամ չի բաժանւել ենք միմիանցից աշխատանքի գնալու համար՝ խիստ կարօտել եմ նրան: Տեսնես Գագիկը ի՞նչ է զգում հիմա: Կարոտու՞մ է: Բջջայինը գրպանիցս հանում եմ ու կարճ հաղորդագրութիւն թողնում՝
«Անուշս, ինչպէսա՞...»
Սրճարանը թողնում ենք, անցնում ենք միւս մայթը: Բջջայինս դինգ-դինգ՝ կարճ հաղորդակցութիւն ստանալու յաղթական ձայնը՝
-«Անուշդ լաւա, իսկ իմ Անուշը ոնցա՞» ու էլէկտրոնիկ ժպիտ բջջայինի մոնիթոռում:
Գագիկը ծանր ու տխուր հայացքն եմ զգում: Մէկ տարի արդէն կըլինի, որ նրա բջջայինը դինգ-դինգ չի արել... Վատ եմ զգում, առաւօտը շուտ ի՞նչ հաղորդագրութիւն թողնել էր այն էլ Գագիկի մօտ, այն էլ Անուշին...
Արագ գրում եմ՝ - լաւ, ճաշին կը խօսենք ու բջջայինը գաղում եմ գրպանումս:
Գագիկի ձեռքը թիկունքիս է՝ բարի ժպտում է: Իր ժպիտով կածես ասում է՝ «Իմ մեղքը չի որ իր չծնւած տղան դպրոցի առջև պաղպաղակ չի ուտելու...» Գագիկը մեղմ բայց հստակ ձայնով ասում է՝ - Շնորհակալ եմ, որ համբերում էք ինձ...
Ի՞նչ ասեմ: Գլխով եմ անում ու ես էլ ձեռքս թիկունքին եմ դնում:
Ասելու ոչ մի բառ չեմ գտնում՝ միայն զգում եմ ՝ որ ձմեռը տխուր է նամանաւանդ երբ դեղինը, նարնջագոյնն ու կարմիրը գնում են ու սպիտակից դեռ լուր չկայ... Ուզում եմ Անուշի հետ խօսել, բայց մինչև ճաշ պիտի համբերեմ...
Քայլում ենք ու ամբարձիչները լուռ մեզ են նայում...
Շանթ Բաղրամեան
Հրատարակւել է Յոյս Երկշաբաթաթերթի 116-համարում / Փետրւար 8-2012
0 comments:
Post a Comment