Friday, November 13, 2009

Տակառներում թաքնւած աւազակները Ինքնագիր գրական մրցանակում


Ինքնագիր գրական Բլոգը ,Վահան Իշխանեանի և Վիոլէթ Գրիգորեանի նախաձեռնութեամբ կազմակերպել է Գրական մրցանակ լաւագոյն կարճ պատմւածքի համար:
Առաջին մրցութիւնը տեղի է ունեցել 2009-ի ամռանը, որի յաղթող է ճանաչւել Դորիանը իր
հոգու մերկապար պատմւածքով:
Երկրորդ մրցութիւնը, Աշուն 2009 -ին մասնակցող պատմւածքները տեղադրւել են հետևեալ բլոգում ՝ http://ankakh.com/inknagir/
Այս մրցանակին մասնակցել եմ ՝ Տակառներում թաքնւած պատմւածքով որ տպագրւել է Յոյս երկրշաբաթերթի 61-րդ համարում: http://ankakh.com/inknagir/?p=231
Կարողէք այցելել Ինքնագրի բլոգը ու տեսակէտներ յայտնէք ցանկացած մասնացող պատմւածքին համար:
Նշելի է, որ կարող է պատահի Իրանից, չը կարողանաք տեսնել ինքնագրի կայքէջը, այսու կարող էք օգտւել anti-proxy-ներից:
Այսու վերատպում ենք Յոյսում հրատարակւած Տակառներում թաքնւած աւազակները


Տակառներում թաքնւած աւազակները
Շանթ Բաղրամեան

Գարնանային յորդառատ անձրեւը դժւարեցնում էր ինքնաշարժի երթը, Թեհրանի մայրուղիներում: Ինքնաշարժի լոյսերը, ենթարկւելով բնութեան կանոններին, այս անձրեւային եղանակում, երկար տարածք չէին լուսաւորում եւ հեռուն անտեսանելի էր դառնում, միայն մի քանի մետր հեռաւորութեամբ էր նշմարելի հսկայ քաղաքը, հենց այնպէս, ինչպէս կեանքն էր:
Այն կեանքը, որ ուզում էս ապրել՝ նախատեսւած ու քարտէզագրւած ուղղիներում, ընտանիք, դպրոց, ուսում, աշխատանք, սէր եւ ... : Բայց գալիք ապագայից քիչ ես տեսնում, ինչպէս վարորդը անձրեւոտ Թեհրանում:

Արմէնը այսօր անչափ ուրախ էր: Իրեն խոստացել էին կինօ տանել, Ֆիլդում: Ֆիլդը ՝ Մասջէդ Սոլէյմանի անգլիաոճ թաղամասն էր, որ հէնց այսպէս, անգլերէն էր անւանակոչւել որպէս տարածք /field/: Մասջէդ Սոլէյման քաղաքը, նաւթի հորերի ու անգլիացիների շնորհիւ, բաւականին բարգաւաճել էր, ու աւելին, նաւթային հաստատութիւնում աշխատող մասնագէտները, բաւականին բարեկեցիկ կեանք էին վարում Իրանի այս հարաւային փոքրիկ քաղաքում: Այս բարեկից կեանք վարողների շարքում էին գտնւում նաեւ հայ ընտանիքները, ներառեալ փոքրիկ Արմէնի ընտանիքը:

Արմէնի հայրը, որ էլեկտրոնիկայի ճարտարագէտ էր, ապահով կեանք էր ստեղծել իր ընտանիքի համար: Միյարկանի բնակարանը՝ սպիտակ քարատեսակով ծածկւած եւ սպիտակ կահկարասիներով լեցուն, ունեւորների շարքին էր դասել նրանց: Իսկ բնակարանի առջեւում տարածւել էր փոքրիկ պարտէզ, որ Արմէնի իշխանութիւնն էր: Մանկութեան խաղերի ու երազների, արկածների աշխարհը:

Իսկ այսօր մարտի 21-ին , Արմէնին կինօ էին տանում, « Ալի բաբան ու Բաղդադի քառասուն աւազակները »: Արմէնը մանկական լիակատար հրճւանքով վերաբերւեց այս հետաքրքիր նոր յայտնաբերութեանը: Սպիտակ պաստառի վրայ, սեւ կերպարները, հիացրել էին նրան:

Կինօն աւարտւեց: Վերադարձին, անսպասելի գարնանային անձրեւ սկսեց. Ի հետեւանք արագացաւ տան վերադառնալու տեմպը, ու նոյն տեմպով Արմէնն էր մենախօսում, մի տեսակ գռգռւել էին նրա մանկական երեւակայութիւնը, ու մի քանի անգամ կրկնել էր թէ՝ Ալի Բաբան իր նման ուշիմ է, որ իմացել էր, թէ աւազակները թաքնւած են եղել տակառում:

Իսկ մարտի 21-ը չաւարտւեց միայն կինոյով, տան հասնելուն պէս ուրախ լուր բերեցին՝ ծնւել էր Անահիտը:

Մասջէդ Սոլէյմանում, Արմէնի ընտանիքի ամենահարազատ ընկերներն էին Անահիտի ծնողները: Անահիտը ծնւել էր, իսկ Ալի Բաբայի կինօն ու գարնանային անձրեւը դարձան Արմէնի համար, խորհրդանշական հետքեր Անահիտի ու իր կեանքի հետ կապւած:

Ալի Բաբայի կինոյից, մինչ այսօր, որ Արմէնը ինքնաշարժով սլանում էր անձրեւոտ Թեհրանում, շատ արագ անցաւ, մի ակնթարթ:

Անահիտի ու Արմէնի կեանքի շառաւիղները, հէնց սկզբից միաձուլւեցին: Շատ շուտ Անահիտը դարձաւ Արմէնի մանկութեան ամենասիրելի ու միակ ընկերը, Արմէնենց տան պարտէզի միակ իշխանուհին:

Անահիտը գեղեցիկ էր: Սեւ աչք-ունքով: Բարեկազմ ու առողջ մարմնով:
Արմէնի ու Անահիտի մանկութիւնը ու պատանեկութիւնը անցաւ միասին:
Իւրաքանչիւր արձակուրդի, վաղ առաւօտեան միասին էին բարձրանում Մասջէդ Սոլէյմանի հիւսիսում գտնւող բլուրը՝ Սարմասջէդ: Դա տարիներ շարունակաբար, ինչպէս հոգեւոր արարողութիւն կատարւում էր անփոփոխ ու լիակարատ: Տարիների ընթացքում, բլուրը նոյն էր մնում, սակայն ժամանակի հետ, Արմէնի հետաքրքրասիրութեան տեսադաշտը փոխւում էր:

Նախ հետաքրքրւած էր քաղաքով, ապա, երբ մի փոքր մեծացան, սկսեցին մրցել բլուրից վայրեր նշմարելով: Անահիտն ու Արմէնը մրցում էին, որ ով աւելի շուտ կը գտնի մրցակցի պահանջած վայրը՝ դա լինում էր Արմէնի բնակարանը,Մասջէդ Սոլէյմանի խաղավայրը, նաւթի հորը եւ էսպէս շարունակաբար ... : Բայց ժամանակը իր աշխատանքն էր տանում ու կամաց կամաց Արմէնի ուշադրութիւնը շեղւում էր քաղաքից դէպի Անահիտը: Վաղուց էր գլխի ընկել, որ Անահիտը տարբեր է: Նա սիրուն էր, բայց ոչ սովորական սիրուն աւելի շուտ նա գրաւիչ էր, մագնիսական հմայք ունէր: Հէնց Սար-Մասջէդում էր, ինչ Արմէնի ուշադրութիւնը սկսեց Անահիտի սեւ վարսերից մինչ հասաւ պարմանուհու հասունացող կուրծքերին: Արմէնը լաւ էր յիշում այն օրը, որ Անահիտը յանդիմանել էր նրան, թէ ինչու է այդպէս նայում իրեն, ու նա անմիջապէս շիկնել էր, որովհետեւ զբաղւած էր Անահիտի իրանով հիանալ:

Անահիտը վաղ հասակից դրսեւորեց իր ընդունակութիւնները: Նա մատեմատիկայի վարպետ էր ու անգիր գիտէր բազմապատկման աղիւսակը մինչ 25*25: Անահիտը նաեւ թենիսի ախոյեան էր: Արմէնը պարզ էր յիշում այն օրերը, երբ Անահիտը ամբողջովին սպիտակ էր հագնում ու միասին գնում էին ակումբ՝ թենիս խաղալու: Անահիտի կարճ սպիտակ տաբատը, կրկնապատկում էր նրա մարզւած ոտքերի հմայքը, որ հարաւի կիզիչ արեւը սրճագոյն էր դարձրել նրանց:

Նա հրաշք էր: Սա ամենայաճախակի նախադասութիւնն էր որ հազար անգամ արձագանքւել էր իր ուղղեղում:

Հէնց այսպէս սահուն էր ընթանում Արմէնի ու Անահիտի պատանեկութիւնը, եւ արդէն շշուկներ կային, Մասջէդ Սոլէյմանի հայ համայնքի մօտ, որ Անահիտի ու Արմէնի բախտը երկնքում են միմեանց կապել:

Այս շշուկներից յետոյ էր, որ կեանքը աւելի արագ անցաւ: Արմէնը երեք տարի էր ինչ ընդունւել էր Թեհրանի Անգլերէն գրականութեան ֆակուլտետը, որ Անահիտն էլ միացաւ իրեն Թեհրանում: Նա սկսեց սովորել «Արիամեհր» համալսարանի էլեկտրոնիկայի ճարտարագիտութեան ճիւղում:

Նա Թեհրանում էլ փայլեց: Ամենագերազանցն էր ու ամենագրաւիչը: Ու այս ամէնը Արմէնին էր, իսկ Արմէնը ամենաերջանիկը:
Անահիտը աւարտեց, ապա Անգլիայի Քեմբրիջ համալսարանն ուղարկած նրա դիմումը ընդունւեց՝ իր բարձրագոյն ուսումը շարունակելու համար: Բոլորը ուրախացան, բոլորի շարքում նաեւ Արմէնը: Ալի Բաբայի կինոյի օրում ծնւած իր հրեշտակը հիմա գագաթներում էր:
Անմիջապէս Արմէնն ու Անահիտը նշանւեցին այն պայմանաւորւածութեամբ, որ ամուսնանալու են, երբ Անահիտը աւարտած, կը վերադառնայ Քեմբրիջից:

Անահիտը մեկնեց: Ամէն օր մի նամակ, ջերմ ու սպասումի վարդագոյն օրեր:
Արմէնն արդէն իսկ աշխատանքի էր անցել ու սպասում էր Անահիտի վերադարձին:
Մի ամիս անց նամակները դադարեցին: Հեռախօսազանգ՝ Անգլիա: Անահիտը հիւանդ էր: Խիստ հիւանդ:

Արմէնն առաջին իսկ հնարաւորութեան ստեղծւելուն պէս, ուղղեւորւեց Անգլիա: Անահիտը, իրօք խիստ հիաւանդ էր: Սրտի աօրտան փակւած:
Վիրահատութիւն, Վերակենդանացման բաժին:
Հիւանդանոցի անձնակազմը միաձայնութեամբ յուսալքւած էին: Երկու օր Արմէնը ապրում է սպիտակ հիւանդանոցում: Անահիտը մահանում է: Շատ հեշտ:

Կեանքը աւելի արագացաւ: Արմէնը դիմում է Լոնդոնում Իրանի դեսպանատանը: Փաստաթղթերը պատրաստւում են: Թղթերում խնդիր չկայ: Իրանի քաղաքացի Անահիտ Մարգարեանը պիտի տեղափոխւի Իրան: Արմէնը ու Անահիտը վերադառնում են: Արմէնը աթոռում նստած, Անահիտը դագաղում պառկած...
Արմէնը ինքնաշարժով սլանում էր Թեհրանի փողոցներում, Մարտի 21-ին:
Անձրեւը անողոք վայր էր իջնում, ինքնաշարժի ապակին անընդհատ մաքրւում էր ու նորից թացանում երկնքի արցունքներով: Աննպատակ էր գնում Արմէնը, միայն իմանում էր, որ այսօր Մարտի 21-ն է ու անձրեւ է գալիս:

Եւ յանկարծ մի քանի մետրի վրայ, Արմէնը նշմարում է, որ մի բեռնատար կանգնած է, իսկ նա ամենայն արագութեամբ մօտենում է նրան: Անընդհատ մաքրւող ու թացածող ապակիների տեսադաշտը կամաց-կամաց փակւում էր բեռնատարի իրանով: Արմէնը անմիջապէս զգում է որ արեան մէջ աւելացել է ադրնալինի քանակը, զարկերակը բարձրանում է, ձեռքերը ամուր կպչում են ղեկին, ձեռքերի թաթերը արդէն իսկ քրթնած են: Ուղեղի մի մասը, հրամայում է ոտքով ուժեղ սեղմել արգելակը, իսկ միւս մասը անմիջապէս յիշում է, թէ քանի անգամներ է անցեալում մտածել, մարդկանց յուղարկաւորութեան ժամանակ, թէ ինչպէս են նրանց հարազատները մի ակնթարթում կինոյի պէս, աչքի անցկացնում իրենց սիրելի հանգուցեալի կեանքը:

Արմէնը արդէն սեղմել է արգելակը, ամուր մինչեւ վերջ:
Անտանելի ձայն է բարձրանում ինքնաշարժի անիվներից՝ աղմուկի ու լացի հետ խառնւած ճիչի ձայնի պէս, սուր, գարշելի: Ինքնաշարժի ու բեռնատարի տարածութիւնը արդէն իսկ նւազել է մի քանի մետրով, հիմա դէմ առ դէմ են:


Կինօն սկսւում է: Արմէնի ուղեղում վառւում է անցեալը՝
Արմէնն ու Անահիտը վերադառնում են Անգլիայից մէկը՝ աթոռում նստած, միւսը դագաղում պառկած... Արմէնը փոքրիկ ադամանդէ մատանին սահեցնում է Անահիտի մատանեմատից: Անահիտը համբուրում է Արմէնին, շուրթերը ելակի համ ունեն... Հիմա Անահիտը զանգել է Մասջէդ Սոլէյմանից, միւս օրը նա Թեհրան է, որպէս համալսարանական ուսանող... Թենիս են խաղում, Արմէնի յուշն ու միտքը Անահիտի սրճագոյն ոտքերն են... Միասին Սար-Մասջէդում են կանգնած, Անահիտը քաղաքին է նայում, Արմէնը նրա փարթամ կուրծքերին... Մարտի 21-ն է, Արմէնը հիացմունքով պատմում է, թէ ինչպէս էին աւազակները թաքնւել տակառներում ու ինչպէս Ալի Բաբան հասկացաւ դրա մասին, նոյն ժամանակ Արմէնի մայրը յայտարարում է թէ Մարգարեանների տանը մի ճրագ է վառւել, անունը ՝ Անահիտ...
Արմէնի ուղեղում միախառնւել էր՝ ինքնաշարժի անիվների ճիչը, անունը ՝ Անահիտ... , բեռնատարի իրանն ու տակառներում թաքնւած աւազակները
...

0 comments: